Նոյեմբերի 13-17

Սովորել էջ՝ 36-40

Թեմա- Քիմիական ռեակցիաներ և հավասարումներ

Դիտել ՝ https://youtu.be/IgwTmmQWzdY?si=gjRGM9p6Bz_bOURr

Քիմիական ռեակցիաների ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսին և ռեակցիային մասնակցող նյութերից նոր նյութեր են առաջանում:

Քիմիական ռեակցիաները պայմանականորեն կարելի է պատկերել այսպես կոչված քիմիական հավասարումների օգնությամբ:

Քիմիական հավասարումը  ռեակցիայի պայմանական գրառումն է քիմիական բանաձևերի և հատուկ նշանների օգնությամբ:

Քիմիական հավասարում կազմելու քայլաշարը

1. Պարզել, թե ի՞նչ նյութեր են մասնակցում ռեակցիային և կանխատեսել, թե ի՞նչ նյութեր (վերջանյութեր կամ արգասիքներ) կարելի է ստանալ սկզբնական նյութերից (ելանյութերից):

2. Որոշել ելանյութերի և վերջանյութերի քիմիական բանաձևերը:

3. Կազմել քիմիական ռեակցիայի ուրվագիրը:

Քիմիական հավասարումը կազմված է երկու մասից՝ ձախ և աջ:

Ելանյութերի բանաձևերը գրվում են հավասարման ձախ, իսկ վերջանյութերի բանաձևերը՝ աջ կողմում: Եթե վերցրած կամ ստացված նյութերի թիվը մեկից ավելի է, ապա այդ նյութերի բանաձևերի միջև գումարման + նշան է դրվում: Ելանյութերի և վերջանյութերի բանաձևերի միջև տեղադրվում է դեպի աջ ուղղված սլաք (→):

4. Հավասարեցնել ռեակցիայի հավասարման աջ և ձախ մասերը.

Հաշվի առնելով, որ ռեակցիայի արգասիքների մոլեկուլները առաջանում են հենց նույն տարրերի ատոմներից, որոնցից կազմված են ելանյութերը, ինչպես նաև զանգվածի պահպանման օրենքը, որի համաձայն՝ ելանյութերի զանգվածների գումարը հավասար է վերջանյութերի զանգվածների գումարին,  հավասարման աջ և ձախ մասերում գործակիցների օգնությամբ հավասարեցնում ենք յուրաքանչյուր քիմիական տարրի ատոմների թիվը և սլաքը փոխարինում ենք հավասարման (=) նշանով:

Գործակիցը թիվ է,՝որը ռեակցիայի հավասարման մեջ դրվում է քիմիական բանաձևից առաջ և ցույց է տալիս տվյալ բանաձևին համապատասխանող նյութի քանակը (1 թիվը որպես գործակից չի գրվում):

Leave a comment